logo
logo

Կենսագրություն

Կոմիտաս
Կոմիտասը Բեռլինում, 1896

Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Օսմանյան կայսրության Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառի Ցղնա գյուղից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարավերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվել է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցրել հայրական տատը՝ Մարիամը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորել է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բուրսայի (Բրուսա) վարժարանում։ 1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվել է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը: 1881-ից Սողոմոն Սողոմոնյանն ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ուր աչքի է ընկել երաժշտական բացառիկ ընդունակություններով և գեղեցիկ ձայնով: Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվել են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա յուրացրել է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքները։ Այս շրջանում սկսել է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական առաջին փորձերը։ 1893 թ․ ավարտելով ճեմարանը Սողոմոնը նշանակվել է ուսուցիչ և խմբավար՝ Մայր տաճարում: 1894 թ․ Սողոմոնը ձեռնադրվել է կուսակրոն աբեղա, նրան է շնորհվել 7-րդ դարի բանաստեղծ ու շարականագիր Կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու անունը: 1895-ին Կոմիտասին տրվել է վարդապետի հոգևոր աստիճան: Կոմիտասը 1895-1896 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ մի կարճ ժամանակ ուսումնասիրել է երաժշտատեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնել է Բեռլին՝ կրթությունը շարունակելու: 1896-1899 թթ. ուսանել է Բեռլինի Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Ֆրիդրիխ Վիլհելմ (1949 թ․ համալսարանը վերանվանվել է Հումբոլդտի անունով) համալսարանի փիլիսոփայության բաժնում: Կոմիտասը սովորել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ: Ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն և տեսություն, խմբավարություն, նաև՝ հոգեբանություն և փիլիսոփայություն, մշակել է ձայնը, սովորել է նվագել դաշնամուր և երգեհոն: 1899 թ․ դարձել է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության առաջին անդամներից մեկը, Բեռլինի բաժանմունքի ժողովներին հանդես է եկել հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության մասին զեկուցումներով և դասախոսություններով: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ և խմբերգեր գերմանացի բանաստեղծների խոսքերով, մշակել ժողովրդական երգեր:

Վերադառնալով Էջմիածին Կոմիտաս Վարդապետը շարունակել է գիտական, բանահավաքչական և մանկավարժական գործունեությունը: Զբաղվել է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատել է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

1907 թ Փարիզի «E. Démey» խմբագրատանը Կոմիտաս Վարդապետը հրատարակել է «Հայ քնար» գեղջուկ երգերի ժողովածուն: Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է եկել նաև Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Կ.Պոլիս, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելության և բարձր գնահատականների են արժանացել ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Էգոն Վելլեշ, Կամիլ Սեն-Սանս, Ամեդե Գաստուէ) կողմից:

1910 թ Կոմիտաս Վարդապետը Էջմիածնից տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարել իր հետագա գործունեության համար: Կ. Պոլսում հիմնել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներով հանդես գալով տարբեր քաղաքներում։ Շարունակել է գիտական և մանկավարժական գործունեությունը, հրապարակել է հոդվածներ, մասնագետ երաժիշտներ պատրաստելու նպատակով երաժշտության տեսության դասեր է տվել երգչախմբի մասնակիցներին (Բարսեղ Կանաչյան, Միհրան Թումաճան, Վարդան Սարգսյան, Վաղարշակ Սրվանձտյան, Հայկ Սեմերճյան), որոնք հայտնի են «Կոմիտասի հինգ սաներ» անունով: Ծրագրել է բացել կոնսերվատորիա՝ հայ երիտասարդների համար: 1912 թ. Լայպցիգի հեղինակավոր «Breitkopf und Härtel» հրատարակչությունում լույս է տեսել Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառել է հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային ներդաշնակումներ:      

1914 թ. Փարիզում մասնակցել է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկույց հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Կյանքի վերջին շրջանի ստեղծած կոմիտասյան արվեստի կոթողային երկը «Պատարագ»-ն է՝ արական երգչախմբի համար։

1915 թ. Օսմանյան կայսրությունում կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է Թուրքիայի խորքերը՝ Այաշ և Չանկըրը: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուև, հեղինակավոր անձնանց միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից հետ են բերում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի ֆրանսիական զինվորական «Լա Պե» հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարին անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։ Կոմիտաս Վարդապետը վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը 1936 թվականից կրում է Կոմիտասի անունը։

2015 թ. հունվարի 29-ին Երևանում բացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որը հավաքում, ուսումնասիրում և հանրահռչակում է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական և երաժշտագիտական ժառանգությունը:

Կոմիտաս
Կոմիտասը Երևանում, 1901