logo
logo

Մշտական ցուցադրություն


Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, նրա բանահավաքչական, երաժշտագիտական և կոմպոզիտորական ժառանգությունը ներկայացված է թանգարանի մշտական ցուցադրության մեջ՝ ամփոփված ութ սրահներում


Մշտական ցուցադրություն
Առաջին՝ «Ժամանակագրություն»
սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը և նրա կյանքի համառոտ ժամանակագրությունը, որին զուգահեռ տրված է նաև եվրոպական երաժշտական մշակույթի տարեգրությունը։
Երկրորդ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները»
սրահում քարտեզագրված են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը, և ցուցադրված են այն անձանց լուսանկարները, որոնք ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականություններ էին և իրենց կարևոր դերն են ունեցել արվեստագետի կյանքի տարբեր ժամանակափուլերում։
Երրորդ՝ «Կոմիտասի միտքը»
սրահում ներկայացված են Կոմիտասի տեսական աշխատությունները, անձնական իրերը, վկայականները։
Չորրորդ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը»
սրահում գեղանկարչական գործերի և այլ նմուշների միջոցով պատկերված է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է երաժշտական ֆոլկլորը և դրա գրառման ընթացքը։
Հինգերորդ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը»
սրահը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական կերպարը։ Ցուցադրված են նրա ստեղծագործության ձեռագիր և հրատարակված նմուշներ, «Անուշ» օպերայի նախագիծը և այլն։
Վեցերորդ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը»
սրահում ներկայացված են Կոմիտասի հոգևոր ժանրի ստեղծագործությունները և էջեր հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններից։
Յոթերորդ՝ «Կոմիտասի ելույթները»
սրահում ներկայացված է Կոմիտասի՝ որպես հայ երաժշտության քարոզչի գործունեությունը համերգ-դասախոսությունների միջոցով, որոնցով նա հանդես է եկել Թիֆլիսում, Փարիզում, Լոզանում, Կոստանդնուպոլսում, Ալեքսանդրիայում և այլուր: Սրահում ցուցադրված են առանձին համերգների ազդագրեր, ծրագրեր և տոմսեր:
Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո»
այստեղ ներկայացված են Կոմիտասի կերպարի մարմնավորումները գեղանկարչության և քանդակագործության մեջ: