logo
logo

Ժամանակավոր ցուցադրություն

Գրիգոր Խանջյան – 100. նկարիչը և գիրքը

Օգոստոս 4, 2026 – Նոյեմբեր 4, 2026

Գրիգոր Խանջյան – 100. նկարիչը և գիրքը

Ինչպե՞ս է աշխատել Գրիգոր Խանջյանը, աշխատանքային ի՞նչ փուլեր է անցել, ինչո՞վ է նրան գերել Կոմիտասի կերպարը, երբ նկարազարդել է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը. օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Գրիգոր Խանջյան – 100. նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը։
«Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից են։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։
 
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվի պոեմի տպագրության համար արված շուրջ 40 էսքիզ և օֆորտի թերթ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։
 
Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման ստեղծագործական ընթացքի մասին։
 
Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն լինոփորագրության աշխատարաններ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լինոտպագրությունն իրականացնել նկարչի կողմից ստեղծված տախտակով։
Ցուցահանդեսը կգործի 3 ամիս։
տեսնել ավելին
Նամակներ Վիլժուիֆից

Սեպտեմբեր 26, 2025 – Հունիս 26, 2026

Նամակներ Վիլժուիֆից

(Կոմիտաս Գևորգյանի հավաքածու)

Ցուցադրությունը ներկայացնում է Կոմիտաս Վարդապետի կյանքի վերջին տարիներին վերաբերող փաստաթղթերը և նամակները, որ հնարավորություն են ընձեռում նոր դիտանկյունից լուսաբանելու նրա կենսագրության քիչ ուսումնասիրված էջերը, ինչպես նաև բացահայտելու Կոմիտասի առողջական վիճակին, նրա անձին ու գործունեությանն առնչվող մի շարք մանրամասներ, որ արտացոլված են պաշտոնական փաստաթղթերում։

Հայ անվանի դիրիժոր Կոմիտաս Գևորգյանի նվիրաբերած հավաքածուն ներառում է հրապարակումներ, փոստային բացիկներ, լուսանկարներ, Կոմիտասի այցեքարտը և պաշտոնական բնույթի գրություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունի 1913–1943 թթ. թվագրված բնօրինակ փաստաթղթերի հավաքածուն, որը ներառում է տասնմեկ արխիվային միավոր՝ նամակներ և հեռագրեր։ Դրանց թվում են՝ 1938–1939 թթ. Աստվածատուր Հարենցի և «Éditions musicales Sénart» հրատարակչության միջև նամակագրությունը, Վիլժուիֆի հոգեբուժարանի տնօրենի հաղորդագրությունը Կոմիտաս Վարդապետի մահվան մասին, Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի ուղարկած հեռագիրը և այլն։

Հավաքածուն պարունակում է նաև չորս փաստաթուղթ, որ վերաբերում են «Maison Trouvain» հուղարկավորության ընկերությանը. վերջինս իրականացրել է Կոմիտաս Վարդապետի թաղման բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև 1936 թ. մայիսին նրա աճյունի տեղափոխումը Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ Հայ Առաքելական եկեղեցու նկուղից դեպի Խորհրդային Հայաստան։ Ուշագրավ են 1922–1935 թթ. գրված տասներեք անտիպ նամակները, որոնք վերաբերում են Կոմիտասի առողջական վիճակին և նրա բուժման կազմակերպման հարցերին։ Դրանք էապես լրացնում են Վիլ Էվրարի և Վիլժուիֆի բուժական հաստատությունների արխիվներում պահվող բժշկական փաստաթղթերի ցանկը։

Նշյալ արխիվային միավորներին զուգահեռ ներկայացված են Կոմիտասյան խնամատար հանձնաժողովի՝ տարբեր տարիներին իրականացրած հրատարակությունները, նաև ցուցադրված են այն ձեռագիր նամակներն ու արժեքավոր նյութերը, որոնցով համալրվել է Կոմիտասի թանգարան‑ինստիտուտի ֆոնդը գործունեության տասնամյակի ընթացքում։

 

տեսնել ավելին
Ֆրանկոֆոն երաժշտական գրքերի եվ ձայնապնակների ցուցադրություն

Մարտ 20, 2025 – Ապրիլ 20, 2025

Ֆրանկոֆոն երաժշտական գրքերի եվ ձայնապնակների ցուցադրություն

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ավանդույթի համաձայն կներկայացվի ֆրանսալեզու երաժշտական գրքերի և վինիլ ձայնապնակների ցուցադրություն, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու ֆրանսիական երաժշտագիտության բազմաշերտ ժառանգությունը և դրա կապը հայ երաժշտական մշակույթի հետ:

Ցուցադրությանը կներկայացվեն երաժշտության պատմության, տեսության, վերլուծության և մանկավարժության վերաբերյալ աշխատություններ, որոնք լույս են տեսել 19-20-րդ դարերում:

Ձայնապնակների հավաքածուն կընդգրկի ակադեմիական և ժողովրդական երաժշտության, նվագախմբային ու վոկալ կատարումների ձայնագրություններ:

Ցուցադրությունը կգործի մարտի 20-ից մինչև ապրիլի 20-ը, հրավիրելով երաժշտության սիրահարներին ու մասնագետներին բացահայտելու ֆրանսիական երաժշտագիտական ժառանգության արժեքավոր էջերը:

տեսնել ավելին
Հանդիպում Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ

Հունվար 31, 2025 – Փետրվար 11, 2025

Հանդիպում Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Հանդիպում Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակին։

Ցուցադրությունը ներկայացնում է քառյակի մեկդարյա ստեղծագործական ուղին՝ ընդգրկելով տարբեր ժամանակաշրջանների համերգներից, հյուրախաղերից և հիշարժան հանդիպումներից պահպանված լուսանկարներ։ Ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս բացահայտելու կոլեկտիվի հարուստ պատմությունը, միջազգային գործունեությունը և նշանակալի ավանդը հայկական կամերային կատարողական արվեստի զարգացման ու տարածման գործում։

Ցուցադրությունը հանդիսանում է հարգանքի տուրք հայկական երաժշտարվեստի ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկին, որի գործունեությունը կարևոր դեր է ունեցել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման և հայկական երաժշտության միջազգային ճանաչման գործում։

տեսնել ավելին
Փարիզյան հանդիպումներ

Սեպտեմբեր 26, 2024 – Մայիս 31, 2025

Փարիզյան հանդիպումներ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ու Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը համատեղ ցուցադրություն են պատրաստել՝ նվիրված հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։
«Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Ցուցադրության շրջանակում կներկայացվի շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 3 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից:
Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին, մեկ առանձին բաժին էլ կներկայացնի Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս Վարդապետի մտերմությունը՝ նրանց նամակագրության միջոցով։

 

տեսնել ավելին
Զրույցներ եղեգի հետ

Ապրիլ 5, 2024 – Հուլիս 5, 2024

Զրույցներ եղեգի հետ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սիրով հրավիրում է «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացմանը։ Ցուցադրությունը վերհանում է մարդկության սերտ հարաբերությունները եղեգի (Arundo donax տեսակի) և նրա տարածքների հետ` Արաքս գետից մինչև Միջերկրական ծովի ավազանը: Ցուցադրությունը երկխոսության մեջ է դնում հայկական ավանդական և ֆրանսիական բարոկկո երաժշտության մեջ կիրառվող փողային գործիքները (դուդուկ, զուռնա, և հոբոյ) ու եղեգից պատրաստվող ձայնոցները և ընդգծում բույսի պատմական և ժամանակակից կիրառումը` լույս սփռելով արդի հիմնախնդիրների վրա` նվագարանագործ վարպետների արհեստից մինչև երաժիշտների պրակտիկաները։ Ցուցադրության հարթակում հանդիպում են պատմական աղբյուրներն ու ժամանակակից ստեղծագործությունները, արվեստագետներն և արհեստավորները, ովքեր հաղորդակցվում են այս բույսի հետ և նոր շունչ հաղորդում «եղեգի հասարակությանը», որը երկար ժամանակ մերն է եղել։

 

Ցուցադրությունը նախագծել է «ԱՀԱ կոլեկտիվը»։

 

Համադրող` Նայիրի Խաչատուրեան

Հոբոյիստ և երաժշտագետ` Լոլա Սուլիե

Ցուցադրության ձևավորող` Մայդա Շավակ

Գրաֆիկական ձևավորող` Սարգիս Անտոնյան

Արվեստագետներ` Անտուան Բուդեն, Փիրուզա Խալափյան, Շանթ Շարոյան, Մայդա Շավակ

Ձայնոցագործ` Հովհաննես Խուդավերդյան

Ցուցադրության բացմանը ելույթ կունենան

«ՄԵՆՔ» ազգային պարի խումբը,

գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան,

«ԹԱԳՊԱՐ» նվագախումբը՝

Գրիգոր Քարտաշյան, զուռնա

Էրիկ Ավագյան, զուռնա

Դավիթ Ալիխանյան, զուռնա

Գրիգոր Դավթյան, դհոլ

Զաքար Ավոյան, կոպալ:

 

Ցուցադրությունն իրականացվել է «Ուսումնասիրություններ երաժշտության ասպարեզում. համագործակցություն երիտասարդ հետազոտողների և արվեստագետների միջև» նախագծային մրցույթի շրջանակում Ֆրանսիայի մշակույթի նախարարության «La direction générale de la création artistique» վարչության աջակցությամբ:

Աջակիցներ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆրանսիայի մշակույթի նախարարություն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, Վեոլիա ջուր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Սորբոնի համալսարան, Ֆրանսիական երաժշտագիտության ընկերություն, Վերսալի բարոկկո երաժշտության կենտրոն, Երաժշտագիտության գիտահետազոտական ինստիտուտ:

տեսնել ավելին
Ներշնչված Կոմիտասով

Սեպտեմբեր 22, 2023 – Դեկտեմբեր 22, 2023

Ներշնչված Կոմիտասով

Կոմիտասի թանգարան–ինստիտուտի կերպարվեստի հավաքածու

 

2015 թ. Կոմիտասի թանգարան–ինստիտուտի բացումից ի վեր նվիրատվությունների շնորհիվ թանգարանի ֆոնդը համալրվել է Կոմիտասին պատկերող կամ կոմիտասյան թեմաներով ստեղծված կերպարվեստի տարբեր ժանրերի եւ տեսակների աշխատանք­ ներով՝ քանդակներ, կտավներ, գրաֆիկական աշխատանքներ եւ այլ տեխնիկաներով արված գործեր: Դրանք հիմնականում ժամանակակից հեղինակների աշխատանքներ են, որոնց թվում կան այնպիսի վաստակաշատ արվեստագետների գործեր, ինչպիսիք են Արա Հարությունյանը, Արտո Չաքմաքչյանը, Էդուարդ Արծրունյանը, Հենրի Էլիբեկյանը, Փարավոն Միրզոյանը, Ալեքսեյ Պապովյանը, Դավիթ Երեւանցին եւ ուրիշներ:
Ցուցադրված է կերպարվեստի ամբողջ հավաքածուն՝ 45 գործ:

տեսնել ավելին
Դարից երկար

Նոյեմբեր 10, 2022 – Մարտ 5, 2023

Դարից երկար

…Իմ կեանքիս ամենէն հզօր, ամենէն անմոռանալի տպաւորութիւններէն մին կը մնայ միշտ ա´յն զոր ունեցայ Կոմիտաս Վարդապետը առաջին անգամ տեսած ու լսած օրս:
Արշակ Չօպանեան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի «Դարից երկար» խորագրով համատեղ ցուցադրությունը նվիրված է գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ, Պատվո լեգեոնի շքանշանակիր և Կոմիտասի մեծ բարեկամ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:
Շուրջ 60 տարի ապրելով Փարիզում՝ Ա․Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը և մշակույթը Եվրոպայում ներկայացնելու և հայ ժողովրդի դատը պաշտպանելու ուղղությամբ: Նա ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների գործեր, անձնական կապեր ու նամակագրություն է ունեցել եվրոպացի գրողների և հասարակական գործիչների հետ։ Ա․ Չոպանյանի գրական-հասարակական գործունեությունը բարձր են գնահատել ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի գրողները՝ Ա. Ֆրանս, է. Վերհառն, Ռ. Ռոլան, Ֆ. Վերֆել, Պ. Էլյուար:
Նա իրավամբ կրում էր Եվրոպայում Հայ մշակույթի դեսպանի պատվավոր կոչումը:
Ցուցահանդեսը հայ երկու մեծերի՝ «դարից երկար ձգվող բարեկամության» և այն նշանակալի դերի մասին է, որ ունեցել է Ա․ Չոպանյանը Կոմիտասի ճակատագրում, մասնավորապես՝ Կոմիտասի ժառանգության պահպանման, հրատարակման և Հայաստան տեղափոխման գործում:
Ցուցադրությունն ունի 6 թեմատիկ բաժանում, որոնցում գրաֆիկական պատումների և արտեֆակտների համադրությամբ ներկայացրել ենք Կոմիտասի և Ա․ Չոպանյանի անձնական ու ստեղծագործական շփումների մասին պատմող տարբեր դրվագներ, որոշ իրադարձություններ:
Պատումից արտեֆակտ և արտեֆակտից պատում այս անցումն այցելուին հնարավորություն է տալիս ծանոթանալ երկու մեծերի կյանքի տարբեր դրվագներին՝ ինչպես գրաֆիկական հորինվածքների, այնպես էլ արխիվային վավերագրերի, լուսանկարների, ձեռագրերի և տեսաձայնային հարուստ նյութերի միջոցով:

տեսնել ավելին
Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս

Հունվար 29, 2021 – Հունիս 1, 2021

Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունվարի 29-ից մեկնարկում է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ցուցադրությունը: Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիաների թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհն սկսել և ավարտել է Կոմիտասով:
Ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին, դրանք ստեղծվել են տասնամյակների ընթացքում և տարիներ շարունակ կողք-կողքի «ապրել» քանդակագործի արվեստանոցում:
Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի ոչ միայն ավարտուն աշխատանքները, այլև էսքիզները, կոմիտասյան թեմաներով գծանկարները, քանդակների տարբերակները, որոնք տեսանելի են դարձնում կերպարի ստեղծման դժվարին, երբեմն անգամ տառապալից ընթացքը՝ ուրվանկարից և գիպսե էսքիզից մինչև բրոնզե ձուլվածք՝ հնարավորություն տալով այցելուին թափանցել արվեստագետի «սրբության սրբոցը»՝ աշխատանքային լաբորատորիան:
Ցուցադրության նպատակն է առաջին անգամ մեկ հարթակում ներկայացնել Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»: Կոմիտասին նվիրված առաջին մոնումենտալ քանդակը, որն Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքն էր, տեղադրվել է Պանթեոնում 1954 թ., Կոմիտասի շիրիմին: Արվեստագետի՝ Կոմիտասին նվիրված վերջին մոնումենտալ աշխատանքը տեղադրվել է 1988 թ. Երևանում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում։

Ցուցադրության համադրող՝ Մարինե Հարոյան

տեսնել ավելին