Մեր մասին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին։
Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։ Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը։ Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։ Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյանն է, նկարիչ-ձևավորողը՝ Ալբերտո Տորսելլոն։ Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները:
Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործում են գիտահետազոտական կենտրոն, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։ Ժամանակավոր ցուցադրությունների սրահում պարբերաբար կազմակերպվում են արվեստի տարբեր ճյուղերին առնչվող ցուցադրություններ (երաժշտություն, լուսանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն): Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործող գիտահետազոտական կենտրոնը նպատակ ունի հանգամանորեն և համակարգված հետազոտել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, Կոմիտասին վերաբերող արխիվային նյութերը։ Կարևորվում է հայ հոգևոր երաժշտության տարբեր ճյուղերի ու դպրոցների պատմական և տեսական խնդիրների ուսումնասիրությունը` ըստ Կոմիտասի գիտական սկզբունքների։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հրատարակում է գիտական աշխատություններ, ժամանակավոր ցուցադրությունների սրահում կազմակերպված ցուցադրությունների պատկերագրքեր, նոտային գրականություն և գիտական հոդվածների ժողովածուներ: 2017 թվականից Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է գործում երաժշտական գրադարանը (նախկինում որպես առանձին կառույց՝ Երաժշտագիտական գրադարան)։ Այստեղ առկա է նոտային և երաժշտական-մասնագիտական բազմաժանր գրականություն, ինչպես նաև հայկական և համաշխարհային երաժշտության բազմաթիվ ձայնապնակներ։
2023 թվականին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացրած հայտի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: