logo
logo

Նորություններ

Կոմիտասի դաշնամուրային երկերը

Հուլիս 28, 2026

Կոմիտասի դաշնամուրային երկերը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել Վարդապետի ստեղծագործական ժառանգությանը նվիրված այս տարվա ամենասպասված հրատարակություններից մեկը՝ «Կոմիտաս Վարդապետ. Դաշնամուրային երկեր»։

Հատորում ընդգրկված են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ընտրանին՝ «Մշո շորոր», «Յոթ պար» և «Յոթ երգ»։

Առաջին անգամ մեկ հրատարակության մեջ ընթերցողին են ներկայացվում ոչ միայն լայնորեն շրջանառվող խմբագրական տարբերակները, այլև այդ նույն ստեղծագործությունների արխիվային ձեռագրերի բնօրինակ շարվածքը՝ առանց որևէ խմբագրական միջամտության։
Հրատարակության հիմքում ընկած են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի թվային արխիվում պահպանվող ձեռագրերը։
Հատորի նախաբանը և ծանոթագրությունները ներկայացված են հայերեն և անգլերեն։

Յուրաքանչյուր ստեղծագործություն ուղեկցվում է նաև QR կոդով, որի միջոցով հնարավոր է ունկնդրել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի բարձրարվեստ կատարումները։
Գիրքը հրատարակվել է «Կողբ» հիմնադրամի աջակցությամբ։

տեսնել ավելին
Իբրահիմ Մաալուֆը՝ Կոմիտասի թանգարան–ինստիտուտում

Հուլիս 14, 2026

Իբրահիմ Մաալուֆը՝ Կոմիտասի թանգարան–ինստիտուտում

 «Հանդիպում» Կոմիտասի հետ՝ հայաստանյան հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց մեկ օր առաջ․ ուրախ էինք հյուրընկալել Ֆրանսիայում ստեղծագործող աշխարհահռչակ լիբանանցի ջազ երաժիշտ, «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ Իբրահիմ Մաալուֆին։


Սիրով սպասում ենք Կոմիտասի խորհրդանշական տանը, որը «հնչում» է արդեն 11 տարի՝ դառնալով հայկական ոգու հետ հաղորդակցման և այցելության պարտադիր վայր ոչ միայն հայերիս, այլև օտարերկրյա հյուրերի համար։

տեսնել ավելին
Արժեքավոր նվեր թանգարանին

Հունիս 26, 2026

Արժեքավոր նվեր թանգարանին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում-նվիրատվություն, որի ընթացքում երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանը թանգարանին հանձնեց արժեքավոր նյութեր Կոմիտաս Վարդապետի սան, երաժշտագետ և բանահավաք Միհրան Թումաճանի ընտանիքի արխիվից։

Նվիրաբերված հավաքածուն ներառում է պատմական ու մշակութային մեծ արժեք ներկայացնող իրեր, այդ թվում՝ «Կոմիտասի հինգ սաների» կնիքը, Կոմիտասին նվիրված համերգների ազդագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ հիշարժան նյութեր, որոնք կհամալրեն թանգարանի ֆոնդերը։

Հանդիպումն ավարտվեց «Ճարտար» ակումբի երգչախմբի ելույթով, որի կատարումները գեղեցիկ երաժշտական եզրափակում դարձան միջոցառման համար։

տեսնել ավելին
Կոմիտասյան հուշամեդալների շնորհանդեսը

Հունիս 19, 2026

Կոմիտասյան հուշամեդալների շնորհանդեսը

«47 դիզայն» կազմակերպության նախաձեռնությամբ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնագիտական խորհրդատվությամբ ստեղծվել են Կոմիտաս Վարդապետի պատկերով ոսկյա, արծաթյա և բրոնզյա հուշամեդալներ։ Հուշամեդալների պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

 

Նախաձեռնության նպատակն է արժևորել և հանրահռչակել Կոմիտաս Վարդապետի ժառանգությունը՝ այն ներկայացնելով նաև հուշադրամային և մեդալագործական արվեստի միջոցով։ Ստեղծված մեդալները, որոնք պատրաստվել են ոսկուց, արծաթից և բրոնզից, առանձնանում են բարձր գեղարվեստական ձևավորմամբ և նվիրված են հայ մեծ երաժշտի, երգահավաքի, երաժշտագետի և մշակութային գործչի հիշատակին։

 

Շնորհանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հուշամեդալների ստեղծման գաղափարին, նախագծման ընթացքին և դրանց գեղարվեստական առանձնահատկություններին։ Միջոցառումը ուղեկցվեց թանգարանի «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարումներով, որոնք ստեղծեցին Կոմիտասի երաժշտական ժառանգությանը համահունչ մթնոլորտ։

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են Կոմիտասի կյանքի և ստեղծագործության հանրահռչակմանը, ինչպես նաև նրա ժառանգության ներկայացմանը նոր ձևաչափերով՝ համադրելով մշակութային հիշողությունը, արվեստը և ժամանակակից դիզայնը։

տեսնել ավելին
Կոմիտասի մետաղաձույլ քանդակի ստեղծում

Հունիս 16, 2026

Կոմիտասի մետաղաձույլ քանդակի ստեղծում

Կանադահայ արվեստագետ, նկարչուհի, քանդակագործ, ստեղծագործական ծրագրի մասնակից Լուսնակը իր աշխատանքն է սկսել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ուսումնասիրելով Կոմիտաս Վարդապետի կերպարը հընթացս ստեղծելու է նրա մետաղաձույլ քանդակը, որը հետագայում կնվիրաբերի թանգարանին: 

 

Աշխատանքային պրոցեսը կհետաքրքրի նաև թանգարանի այցելուներին:

տեսնել ավելին
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվել է թվայնացման նորագույն սարքավորումով

Հունիս 11, 2026

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվել է թվայնացման նորագույն սարքավորումով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվել է Լոնդոնից ձեռք բերված թվայնացման նորագույն, գերժամանակակից սկանավորման սարքավորումով, որը հնարավորություն կտա բարձր որակով թվայնացնել թանգարանի արխիվային և գրադարանային արժեքավոր հավաքածուները՝ ապահովելով դրանց երկարաժամկետ պահպանությունն ու հասանելիությունը։ 

 

Սարքավորումը թանգարան-ինստիտուտին նվիրաբերել է համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական և բիզնես խորհրդատու Մարկ Չենյանը՝ աջակցելով Կոմիտասի հարուստ ժառանգության պահպանման և թվայնացման աշխատանքներին։ 

 

«Հուսով եմ՝ այս նախագիծը միայն սկիզբն է։ Հետագայում մենք կկարողանանք համախմբել մասնագետներին, ստեղծել Կոմիտասի ժառանգության ամբողջական թվային հարթակ և այն հասանելի դարձնել աշխարհին։ Այդպիսով Հայաստանը ևս մեկ անգամ կներկայանա որպես մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկիր»,- նշեց Մարկ Չենյանը։ 

 

Թանգարան-ինստիտուտը բարձր է գնահատում այս կարևոր աջակցությունը։ Նոր սարքավորումը կարևոր քայլ է թանգարանի թվայնացման ռազմավարության իրականացման ճանապարհին՝ ընդլայնելով մշակութային արժեքների պահպանման և հանրայնացման հնարավորությունները։

տեսնել ավելին
Կոմիտասյան հանելուկներ

Հունիս 1, 2026

Կոմիտասյան հանելուկներ

«Կոմիտասյան հանելուկներ» խաղը հետաքրքիր և ուսուցողական միջոց է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգությանը և հայկական ժողովրդական երգարվեստին ծանոթանալու համար։ 60 պատկերով և 30 տեքստային քարտերից կազմված խաղը հնարավորություն է տալիս խաղային ձևաչափով սովորել ու բացահայտել բազմաթիվ կոմիտասյան և հայկական ժողովրդական երգեր։

 

Խաղը նախատեսված է տարբեր տարիքի մասնակիցների համար և կարելի է խաղալ ինչպես անհատապես, այնպես էլ ընտանիքի անդամների, ընկերների կամ թիմերի հետ։ Այն նպաստում է երաժշտական հիշողության, ուշադրության և ստեղծագործական մտածողության զարգացմանը՝ միաժամանակ դարձնելով երաժշտության ճանաչման գործընթացը հետաքրքիր և զվարճալի։

 

Խաղում ընդգրկված երգերը կարելի է լսել քարտերի վրա տեղադրված QR կոդերի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն գուշակել, այլև անմիջապես ծանոթանալ երգերի հնչողությանը։

 

Կազմողներ՝ Սոնա Սիմոնյան և Անահիտ Մուղալյան։

 

Խաղը կարելի է ձեռք բերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գրախանութից։

տեսնել ավելին
Կոմիտասը և քրդական երաժշտությունը

Մայիս 29, 2026

Կոմիտասը և քրդական երաժշտությունը

Մայիսի 29-ին կոմիտասագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը քրդական ինստիտուտ-հիմնադրամի հրավերով բանախոսելու է Փարիզի քաղաքապետարանի գիտաժողովների սրահում:

տեսնել ավելին
Կոմիտասի ձայնադարանը

Մայիս 16, 2026

Կոմիտասի ձայնադարանը

Մայիսի 16-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Կոմիտասի ձայնադարան» սրահի բացման արարողությունը։ Այստեղ ներկայացված են Կոմիտասի խմբերգային, դաշնամուրային և վոկալ ստեղծագործություններ, որոնք թվայնացվել են թանգարան-ինստիտուտի ֆոնդում պահպանվող հին ձայնապնակներից։

«Կոմիտասի ձայնադարան» նախագիծը բացահայտում է հայ ազգային  կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի  ստեղծագործական ժառանգությունը՝ ձայնագրությունների միջոցով ունկնդրին  տեղափոխելով 20-րդ դարի երաժշտական միջավայր։ Այն հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու նշված ժամանակաշրջանի երաժշտական մշակութային մթնոլորտին՝ պահպանելով բնօրինակ ձայնի արժեքն ու հնչական առանձնահատկությունները։

Ցուցադրության կարևոր մաս է կազմում Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) հիմնադրված «Северный Пресс» ապրանքանիշի պատեֆոնը, որը ներկայացնում է ժամանակաշրջանի տեխնիկական հնարավորությունները, մշակութային  միջավայրը և հիշեցնում հին ձայնապնակների ունկնդրման ավանդույթը։

Նախագծի աջակիցներ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, «The Awesome Foundation»։

 

տեսնել ավելին
«Մանկական երգեր» երկլեզու նոր հրատարակությունը

Դեկտեմբեր 20, 2025

«Մանկական երգեր» երկլեզու նոր հրատարակությունը

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն այլ պիտի մեծնաս ու մարդ դառնաս... Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը...»։

 

Կոմիտասի այս սիրառատ խոսքերով է բացվում «Հազար ու մի երգ» մատենաշարի 8-րդ հատորը «Մանկական երգեր» խորագրով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նոր երկլեզու հրատարակությունը։ Բացառիկ լուսավոր բովանդակություն ունեցող նմուշներով հարուստ այս ժողովածուն ընդգրկում է մանկական, խաղային հայ ավանդական երգեր, որոնք երգվել են Պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններում (Վան, Անի, Կարս, Սասուն, Մուշ, Ագուլիս, Շատախ ․․․)։

 

Ժողովածուի կազմող-խմբագիրներ՝ Աստղիկ Մարտիրոսյան և Սոնա Սիմոնյան

աշխատակցությամբ Լիլիթ Հարությունյանի, Ծովինար Արծրունու, Գայանե Ամիրաղյանի, Մարիաննա Տիգրանյանի

թարգմանիչ՝ Շաղիկ Շահինյան

մասնագիտական խորհրդատու՝ Ալինա Փահլևանյան

գրքի ձևավորումը՝ Սամվել Մելքոնյանի

նկարազարդումները՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների և Աստղիկ Մարտիրոսյանի։

 

Գիրքն արդեն հասանելի է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գրախանութում։

տեսնել ավելին
Թանգարան այցելեց Կիաջի Միային

Փետրվար 5, 2025

Թանգարան այցելեց Կիաջի Միային

Փետրվարի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելեց ճապոնական Kawai ապրանքանիշի դաշնամուրների վարպետ Կիաջի Միային։
Հայաստանում պրեմիում դասի Shigeru Kawai 3 ռոյալ կա, որոնցից մեկն արդեն 9 տարի գտնվում է Թանգարանի համերգային դահլիճում։
Պարոն Միային մանրամասն զննեց ռոյալի վիճակը, իրականացրեց բոլոր անհրաժեշտ շտկումները և նշեց, որ գործիքը պատրաստ է լավագույն որակ ապահովել ցանկացած դաշնակահարի համար։
 
Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դերը դասական երաժշտության տարածման և բարձր մակարդակի կատարողական մշակույթի զարգացման գործում։
տեսնել ավելին