Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվել է թվայնացման նորագույն սարքավորումով
Հունիս11, 2026

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվել է Լոնդոնից ձեռք բերված թվայնացման նորագույն, գերժամանակակից սկանավորման սարքավորումով, որը հնարավորություն կտա բարձր որակով թվայնացնել թանգարանի արխիվային և գրադարանային արժեքավոր հավաքածուները՝ ապահովելով դրանց երկարաժամկետ պահպանությունն ու հասանելիությունը։
Սարքավորումը թանգարան-ինստիտուտին նվիրաբերել է համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական և բիզնես խորհրդատու Մարկ Չենյանը՝ աջակցելով Կոմիտասի հարուստ ժառանգության պահպանման և թվայնացման աշխատանքներին։
«Հուսով եմ՝ այս նախագիծը միայն սկիզբն է։ Հետագայում մենք կկարողանանք համախմբել մասնագետներին, ստեղծել Կոմիտասի ժառանգության ամբողջական թվային հարթակ և այն հասանելի դարձնել աշխարհին։ Այդպիսով Հայաստանը ևս մեկ անգամ կներկայանա որպես մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկիր»,- նշեց Մարկ Չենյանը։
Թանգարան-ինստիտուտը բարձր է գնահատում այս կարևոր աջակցությունը։ Նոր սարքավորումը կարևոր քայլ է թանգարանի թվայնացման ռազմավարության իրականացման ճանապարհին՝ ընդլայնելով մշակութային արժեքների պահպանման և հանրայնացման հնարավորությունները։