Հրատարակություններ
Կոմիտասի ստեղծագործություններ
տեսնել բոլորը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը իրականացնում է Կոմիտասի երաժշտական և գիտական ժառանգության հրատարակչական ծրագիր՝ առաջնորդվելով միջազգային հրատարակչական չափանիշներով։ Հրատարակությունների հիմքում դրվում են արխիվային ձեռագրերը, հեղինակային աղբյուրները և վավերագրական նյութերը՝ ապահովելով տեքստերի հավաստիությունն ու աղբյուրագիտական արժեքը։ Թանգարանը նպաստում է Կոմիտասի ստեղծագործությունների պահպանմանը, ուսումնասիրմանը և միջազգային հանրահռչակմանը՝ դրանք հասանելի դարձնելով մասնագետներին, կատարողներին և լայն հանրությանը։
Տարեգիրք
տեսնել բոլորը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Տարեգիրքը» գիտական հոդվածների պարբերական ժողովածու է, որտեղ հրապարակվում են երաժշտագիտության, կոմիտասագիտության, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության, ինչպես նաև հարակից գիտակարգերի արդիական հետազոտություններ։ Հրատարակությունը նպաստում է նոր գիտական արդյունքների շրջանառությանը, մասնագիտական երկխոսության զարգացմանը և հայ երաժշտագիտական մտքի հանրահռչակմանը։
Հազար ու մի երգ
տեսնել բոլորը
Կոմիտասի թանգարան–ինստիտուտի «Հազար ու մի երգ» մատենաշարը ստեղծվել է թանգարանի համանուն կրթական ծրագրի հիման վրա։ Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականից և շարունակաբար իրականացվում է առ այսօր։
Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվում են հայ ժողովրդական երաժշտական բանահյուսության տարբեր ժանրեր, որին հաջորդում է գործնական երգուսուցում։ «Հազար ու մի երգ» մատենաշարում ամփոփված նյութերը ծառայում են որպես այդ երգուսուցման հիմնական աղբյուր։
Մատենաշարի յուրաքանչյուր հատոր նվիրված է ժողովրդական երգի առանձին ժանրի։ Այն ներառում է ժանրի համառոտ բնութագիրը, 50 երգից կազմված ընտրանի, բոլոր հայերեն տեքստերի անգլերեն թարգմանությունները, ինչպես նաև HMB գիտական տառադարձություն։ Մատենաշարի այս կառուցվածքը նպատակ ունի ապահովել նյութի հասանելիությունը նաև օտարազգի լսարանի համար։
ՊԱՏԿԵՐԱԳՐՔԵՐ
տեսնել բոլորը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում հրատարակում է ցուցադրությունների պատկերագրքեր։ Դրանք ոչ միայն ներկայացնում են ցուցադրության լուսանկարներն ու ցուցադրված նյութերը, այլև արժեքավոր գիտական հրատարակություններ են, որոնք ներառում են երաժշտագետների, պատմաբանների, արվեստաբանների և մշակութաբանների հեղինակած հետազոտական հոդվածներ։
Յուրաքանչյուր պատկերագիրք նպատակ ունի պահպանել և շարունակել ցուցադրության կյանքը՝ ընթերցողին հնարավորություն տալով առավել խորությամբ ծանոթանալու ներկայացված թեմաներին, անձանց և պատմական համատեքստերին։ Այս հրատարակությունների միջոցով Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հանրայնացնում է իր գիտահետազոտական և ցուցադրական գործունեության արդյունքները՝ նպաստելով Կոմիտասի ժառանգության և հայկական մշակույթի ուսումնասիրմանը։