Կոմիտասի դաշնամուրային երկերը
Հուլիս28, 2026

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել Վարդապետի ստեղծագործական ժառանգությանը նվիրված այս տարվա ամենասպասված հրատարակություններից մեկը՝ «Կոմիտաս Վարդապետ. Դաշնամուրային երկեր»։
Հատորում ընդգրկված են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ընտրանին՝ «Մշո շորոր», «Յոթ պար» և «Յոթ երգ»։
Առաջին անգամ մեկ հրատարակության մեջ ընթերցողին են ներկայացվում ոչ միայն լայնորեն շրջանառվող խմբագրական տարբերակները, այլև այդ նույն ստեղծագործությունների արխիվային ձեռագրերի բնօրինակ շարվածքը՝ առանց որևէ խմբագրական միջամտության։
Հրատարակության հիմքում ընկած են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի թվային արխիվում պահպանվող ձեռագրերը։
Հատորի նախաբանը և ծանոթագրությունները ներկայացված են հայերեն և անգլերեն։
Յուրաքանչյուր ստեղծագործություն ուղեկցվում է նաև QR կոդով, որի միջոցով հնարավոր է ունկնդրել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի բարձրարվեստ կատարումները։
Գիրքը հրատարակվել է «Կողբ» հիմնադրամի աջակցությամբ։