Կոմիտասյան հուշամեդալների շնորհանդեսը
Հունիս19, 2026

«47 դիզայն» կազմակերպության նախաձեռնությամբ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնագիտական խորհրդատվությամբ ստեղծվել են Կոմիտաս Վարդապետի պատկերով ոսկյա, արծաթյա և բրոնզյա հուշամեդալներ։ Հուշամեդալների պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
Նախաձեռնության նպատակն է արժևորել և հանրահռչակել Կոմիտաս Վարդապետի ժառանգությունը՝ այն ներկայացնելով նաև հուշադրամային և մեդալագործական արվեստի միջոցով։ Ստեղծված մեդալները, որոնք պատրաստվել են ոսկուց, արծաթից և բրոնզից, առանձնանում են բարձր գեղարվեստական ձևավորմամբ և նվիրված են հայ մեծ երաժշտի, երգահավաքի, երաժշտագետի և մշակութային գործչի հիշատակին։
Շնորհանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հուշամեդալների ստեղծման գաղափարին, նախագծման ընթացքին և դրանց գեղարվեստական առանձնահատկություններին։ Միջոցառումը ուղեկցվեց թանգարանի «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարումներով, որոնք ստեղծեցին Կոմիտասի երաժշտական ժառանգությանը համահունչ մթնոլորտ։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են Կոմիտասի կյանքի և ստեղծագործության հանրահռչակմանը, ինչպես նաև նրա ժառանգության ներկայացմանը նոր ձևաչափերով՝ համադրելով մշակութային հիշողությունը, արվեստը և ժամանակակից դիզայնը։